12:09:11 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հուսով եմ՝ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ. Արտակ Գրիգորյան

    16:45 5 Դեկտեմբեր 2024

    Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը, որը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջերում:  

    «Սիրելի՛ երկրպագուներ,

    Յուրաքանչյուր լավ բան, որն ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

    Ինչպես արդեն գիտեք՝ որոշում եմ կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերաս, որը լի էր բազմաթիվ հիշարժան իրադարձություններով, հաջողություններով և հիասթափություններով, դժվարություններով և հաղթանակներով, մշտական պայքարով և նվաճումներով:
    Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս երկար տարիների ընթացքում ինձ մարզած բոլոր մարզիչներին՝ առաջինից մինչև վերջինը: Նրանցից յուրաքանչյուրից շատ բան եմ սովորել՝ որպես ֆուտբոլիստ և մարդ:

    Շնորհակալ եմ իմ խաղընկերներին, առանց որոնց չէի ունենա իմ ձեռքբերումների նույնիսկ կեսը:

    Ինչպես ակումբներում, այնպես էլ ազգային հավաքականում խաղացել եմ շատ բարձրակարգ ֆուտբոլիստների կողքին, որոնցից շատերի հետ ձևավորվել է ընկերություն նաև խաղադաշտից դուրս: Ազգային հավաքականում խաղալը միշտ եղել է իմ երազանքը: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ինչ-որ չափով նպաստել մեր թիմի հաղթանակներին: Ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալն ամենայուրահատուկ զգացողությունն է, որ կարող է լինել ցանկացած ֆուտբոլիստի կյանքում:

    Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին: Ամբողջ կարիերայիս ընթացքում և մինչև վերջ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և ջերմությունը:

    Հուսով եմ ու նաև վստահ, որ ավարտում եմ իմ ֆուտբոլային ուղին միայն որպես ֆուտբոլիստ:

    Ուրախ կլինեմ հետագայում ևս նպաստելու մեր ֆուտբոլի զարգացմանը: Կհանդիպենք»,- գրել է Գրիգորյանը:

    Գրիգորյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, եվրագավաթներում բոլորից շատ հանդիպումներ (53) անցկացրած հայ ֆուտբոլիստն է, Հայաստանի առաջնություններում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած երրորդ ֆուտբոլիստն է, 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստն է, հինգերորդը՝ պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղեր անցկացրած հայ ֆուտբոլիստների մեջ:

    Նա նաև 51 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս